Իրանը պատրաստվում է հակահարված տալ Միացյալ Նահանգներին Մերձավոր Արևելքում՝ հաղորդել է Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի Telegram ալիքը։ Ավելի վաղ հաղորդվել էր, որ «ամերիկացիները սխալ հաշվարկներ են արել», քանի որ Իրանը նախկինում տարհանել էր բոլոր նյութերը երեք միջուկային օբյեկտներից, որոնք հարված էին ստացել ԱՄՆ-ի կողմից։               
 

Ցուցադրական ագրեսիվություն

Ցուցադրական ագրեսիվություն
23.06.2025 | 11:10

ԱՄՆ-ը հզոր, զանգվածային բնաջնջման զենքերին գրեթե հավասար ռումբերով հարվածեց Իրանի ռազմական օբյեկտներին, մեկ անգամ եւս հաստատելով, որ ինքը համաշխարհային մասշտաբի ժանդարմ-տերություն է: ԱՄՆ-ը դեռեւս իրեն սանձարձակ է զգում, 1945-ի օգոստոսից ի վեր, երբ միջուկային ռումբեր նետեց ճապոնական Հիրոսիմա եւ Նագասակի քաղաքների վրա, իսկ դրա ռազմական նպատակահարմարությունն այլեւս չկար:

ԱՄՆ-ը պարզապես իր նոր համաշխարհային կարգավիճակն էր ուզում ճանաչել տալ, որից առ օրս ձերբազատվելու մտադրություն չունի:

ԱՄՆ-ն իր դաշնակից Իսրայելին է օգնում Իրանի դեմ պատերազմում (դա անժխտելի է), բայց ինչու՞ չափազանց տիրական է այն տպավորությունը, որ ամերիկյան վարչակազմի համար, նախ եւ առաջ, շատ ավելի կարեւոր է իր հակառակորդներից մեկին, տվյալ դեպքում՝ Իրանին, սաստիկ պատժելը, երբ, իրոք, ամեն ինչ հնարավոր է կարգավորել դիվանագիտական միջոցներով:

Չէ, ԱՄՆ-ը պարզապես ձգտում է ցույց տալ, որ ինքն է աշխարհի թիվ մեկ գերտերությունը, եւ ինքն է մոլորակի վրա «զոն նայողը»:

Այո, իրականում ամեն ինչ հենց այդքան էլ պրոզայիկ ու ճղճիմ է:

Ամերիկյան ագրեսիվությունն առավել արտառոց է նաեւ այն տեսանկյունից, որ լինելով աշխարհի իբր ամենաժողովրդավար երկիրը, անգամ տարածաշրջանային հարցերը ջանում է, ի վերջո, լուծել մամլիչ ուժով ու բռնապետական վարքով,- նա հաճախ է հանդես գալիս սեփական շահերի գերդոզավորված պաշտպանությամբ:

Հիմա ինչպե՞ս կարող է ԱՄՆ-ին հավատալ ու վստահել Հայաստանում բնակվող հայը, ով ապրում է դարավոր թշնամի Թուրքիայի հարեւանությամբ, իսկ նա ԱՄՆ-ի ռազմական դաշնակիցն է:

Եթե, Աստված մի արասցե, Թուրքիան հարձակվի Հայաստանի վրա եւ արժանանա լուրջ դիմադրության, ԱՄՆ-ը վրա՞ է հասնելու թուրքերին օգնության:

Չես վիճարկի՝ ժողովրդավար երկիր լինելով հանդերձ, ԱՄՆ վարչակազմերը հաճախ չեն արտահայտում ամերիկյան ժողովրդի բուն շահերը, ընկնում են պոպուլիզմի, տարատեսակ բոսերի եւ ներքին ու արտաքին այլեւայլ ուժերի ազդեցության տակ:

ԱՄՆ-ը հզոր, շահամոլ եւ անկանխատեսելի երկիր է, որի հիմնական խաղադրույքը զենքն է:

Հայաստանի նման փոքր երկրի ազգային շահերը հազիվ թե երբեւէ համադրելի լինեն ամերիկյան ուժասիրության, սանձարձակության ու շահադիտության հետ:

Հրանտ ԱԼԵՔՍԱՆՅԱՆ

Դիտվել է՝ 200

Մեկնաբանություններ